Ուսուցումը քոլեջում կազմակերպվում է անվճար-վճարովի հիմունքներով։ Կառավարության 08.07.2015թ․ թիվ 752-Ն որոշմամբ քոլեջի՝ բարձր առաջադիմություն ցուցաբերած սովորողները կարող են իրենց ուսումը շարունակել ՀՀ պետական բուհերում՝ 2-րդ կուրսից հեռակա։ ՀՀ կառավարության 2013թ-ի նոյեմբերի 28-ի №-1330-Ն որոշման համաձայն, ուս. տարվա առաջադիմության արդյունքներով, քոլեջում իրականացվում են փոխատեղումներ՝ վճարովի ուսուցումից անվճար և հակառակը:
Աբովյանի պետական էներգետիկական քոլեջը (այսուհետ՝ Քոլեջ) ազգային կրթական համակարգի մի մասնիկն է, որի հիմնական առաքելությունն է գիտելիքի ստեղծումը, փոխանցումը և տարածումը, սովորողների մոտ ազգային մտածելակերպի ձևավորումը: Քոլեջի նպատակն է, որ սովորողները հասարակության մեջ ավելի բարձր աստիճան զբաղեցնեն, ակտիվ մասնակցություն ունենան հասարակական կյանքի բոլոր ոլորտներում:
Քոլեջը իր պատմությունը սկսել է 1968թ.՝ որպես Կրասնոդարի «Էլեկտրոնային սարքաշինության» տեխնիկումի Աբովյանի երեկոյան մասնաճյուղ: Նույն տարում կատարվել է ընդունելություն՝ հետևյալ մասնագիտությունների գծով՝ «Ռադիոդետալների և ռադիոկոմպոնետների արտադրություն», «Կիսահաղորդչային սարքերի արտադրություն»:
1971թ. №2 հրամանով տեխնիկումը վերանվանվել է «Աբովյանի երեկոյան էլեկտրոնային սարքերի» տեխնիկումի: 1972թթ. ուս. տարում տեխնիկումը տվեց առաջին շրջանավարտները՝ թվով 60: 1975թ. տեխնիկումը կատարել է ընդունելություն «Միկրոէլեկտրոնային իրերի արտադրություն» մասնագիտությամբ: Մեծանում է շրջանավարտների թիվը, 1972- 1976թթ. տեխնիկումը տվեց 285 շրջանավարտներ:
1981թ. կառուցվել է քոլեջի նոր ուսումնական , վարչական մասնաշենքերը, իսկ 1990թ.՝ հանրակացարանը: 1982թ. հուլիսի 17-ին №66 հրամանով «Աբովյանի երեկոյան էլեկտրոնային սարքերի» տեխնիկումը վերանվանվել է «Աբովյանի էլեկտրոնային սարքերի տեխնիկումի»: Այդ տարիների ընթացքում քոլեջը տվել է 1000-ից ավելի շրջանավարտներ:
ԱՊԷՔ-ն ՀՀ-ի միակ պետական էներգետիկական քոլեջն է։ Քոլեջն ունի պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում։
ԱՊԷՔ-ն միջին մասնագիտական ուսումնական հաստատություն է, որի հիմնական հեռանկարը էներգետիկայի ոլորտում հմուտ և զարգացած մասնագետների պատրաստումն է։
Քոլեջի հիմնական առաքելությունն է՝ գիտելիքի ստեղծումը, փոխանցումը և տարածումը, սովորողների ազգային մտածելակերպի ձևավորումը, սեփական գործելակերպն ու որոշումները ազգային շահերին համապատասխանեցնելը։